» » Վերին Խոտանան

Վերին Խոտանան


Խոտանան գյուղի անունն ու մականունը


Խոտանան գյուղի անվանումը կապված է Վանի  թագավորության   Խուտուինի աստծո անվան հետ (հնարավոր է՝ պատերազմի և հաղթանակի աստվածն էր): Նման կարծիք է հայտնել արևելագետ  Սերգեյ Ումառյանը: Խոտանանի մասին հիշատակություններ ունեն Ստեփանոս Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Ղևոնդ Ալիշանը և նույնիսկ օտարազգի գիտնականները,  որոնցից է գերմանացի արևելագետ, հայագետ և լեզվաբան Յոզեֆ Մարկվարտը: Վերջինիս կարծիքով` Խոտանանը եղել է դիցավայր:

 Տարածված է նաև այլ ավանդազրույց՝ կապված գյուղի  անվան հետ, որի մասին իր հուշերում ներկայացնում է Խոտանան գյուղից Արտաշես Պետրոսյանը:  Ըստ նրա՝ Խոտանան բառը երկու արմատից է բաղկացած՝ արաբերեն «խուդա և նան» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «աստված և հաց»:

8-րդ դարում, երբ արաբները զավթում են Հայոց երկիրը, մի արաբ ոստիկան, գալով այժմյան Խոտանանի տարածքը, հայտնաբերում է հացի հսկայական ամբար՝ լցված ցորենի, գարու  հսկայական պաշարներով:  Ոստիկանը զարմանքից բացականչում է՝ «խուդա նան», այսինքն՝ «Աստծո հաց»:

 Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝  գյուղի անվանումը կապված է եղել Խուտայի և Անոնի սիրո լեգենդի հետ: Ըստ լեզվաբան Հ. Աճառյանի՝ Անահիտ աստվածուհու անվան -ան- մասնիկը փոխառություն է շումերերենից և կոչվում է «երկնային մետաղ»:

Պատմական աղբյուրներում հիմնականում հիշատակվում է Խոտանանը, իսկ Վերին և Ներքին Խոտանանները սկսել են հիշատակվել 19-րդ դարից սկսած: Այդ երկու գյուղերը գտնվում են Աճանանի հովտում՝ Կապանից մոտ 12 կմ հյուսիս-արևմուտք՝ Բարգուշատ լեռնաշղթայի անտառապատ լանջին: Հինավուրց Խոտանանին համապատասխանում է Վերին Խոտանանը: Այստեղ են գտնվում դեռևս 14-րդ դարից կառուցված շինություններ, 17-րդ դարում վերաշինված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ ժամանակին  կատարվել են Ավետարանի և Կանոնագրքի ընդօրինակումներ:

Երկար ժամանակ տարածքը ծառայել է  որպես Սյունյաց իշխանների ամառանոց, հողերը միջնադարում եղել են Տաթևի վանական համալիրին հարկատու:

Խոտանանցիները  տարածաշրջանում հայտնի են որպես «գժեր»: Դարերի ընթացքում այդ պիտակը, որ տվել էին գյուղացիներին, կորցրել է իր իսկական նշանակությունը, և կրում է  ծաղրական իմաստ: Նույնիսկ խոտանանցիները կատակով ասում են, որ եկվորը,   եթե խմի Խոտանանի ջուրը, հաստատ կգժվի: Ոչ բոլորը գիտեն  «գիժ» բառի իրական իմաստը՝ կապված խոտանանցիների հետ:

Ինչպես Ղևոնդ Ալիշանն է գրում «Սիսական»-ում, 1724 թվականին  Խոտանան գյուղից վերև՝ Հցոտ կոչվող  հանդամասում,  իրար են բախվում Դավիթ-Բեկի զարավար Մխիթար Սպարապետի  և Բարգուշատի պարսից խանի զորքերը:  Հցոտը այլազգիները անվանում էին  «Էրմանի դլան»,  այսինքն՝   «հայերի հավաքատեղի»:  Հայերի կողմից կռիվը ղեկավարում էր նշանավոր զորահրամանատար  Բալի Մելիք-Փարսադանյանը: Խոտանանցիները փոքրով ու մեծով զորավիգ են եղել հաղթանակին և կռվել են անձնուրաց:  Տղամարդկանց հետ հավասար կռվի էին դուրս եկել նաև կանայք: Նրանք օգնում էին զինվորներին, իրենց հայրերին և եղբայրներին, վիրավորներին դուրս բերում կռվի դաշտից: Տեսնելով կանանց կռվի դաշտում՝ խանը սարսափած գոչում է. «Սրանք դալի են (այսինքն՝ «շաշ, գիժ», Կապանի բարբառով ասած՝ «պըլ»), կնոջը ո՞նց կարելի է բերել պատերազմ»: Ասում են՝ դա առաջին դեպքն էր, որ կինը հայտնվում էր կռվի դաշտում:  Կռիվն ավարտվում է հայերի հերոսական հաղթանակով, իսկ խոտանանցիները կնքվում են «գիժպըլ» մականունով:

Խոտանան գյուղը նշանավոր զորահրամանատարների գյուղ է համարվում: Իրենց ռազմական տաղանդով աչքի են ընկել Հայաստանի Առաջին Հանրապետության զորահրամանատար, Սիսիանի ուժերի առաջնորդ  Պողոս Տեր-Դավթյանը, ռազմական գործիչ Հմայակ Տեր-Դավթյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմում ճանաչում ստացած զինվորականներ՝  գնդապետ Մուշեղ Կարապետյանը, ԽՍՀՄ Զինված  ուժերի գլխավոր շտաբի  գլխավոր   օպերատիվ  բաժնի  պետ Արտաշես Ղազարյանը, փոխգնդապետ  Ալեքսանդր Անտոնյանը:

Պատերազմի ժամանակ  հայրենիքի կոչով  ռազմադաշտ մեկնեցին 190  խոտանանցիներ, որոնցից  81-ը չվերադարձան:

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը