» » Անտառաշատ

Անտառաշատ

Անտառաշատ


    Անտառաշատ գյուղը բարձրադիր վայրում է՝ ծովի մակարդակից 1300 - 2393 մ բարձրության վրա:  Մինչև 1949 թվականը գյուղին տրվել է Տորթնի անվանումը: Տեղաբնակների կողմից ստուգաբանվում է «Տէր աւրհնի» կամ «Տեր օրհնի» ձևով, որն էլ հետագայում, տեղի բարբառի ազդեցությամբ կամ տառադարձությամբ,   դարձել է Տորթնի: Ժողովրդական մյուս ստուգաբանությունների համաձայն՝ Տորթնի տեղանունը կապված է ՏորքկամՏիրաստվածների հետ։ Կարծիք կա նաևոր Տորթնի ձևն առաջացել է «Տերաղոթիր», «Տուն օրհնե» բառակապակցություններից: Ոմանք էլ կարծում են, որ այն տորտ (գինու կարասի տակի նստվածքդիրտբառից է։ Ամենայն հավանականությամբ՝ այն պարսկերեն դորուդ բառից է, որ նշանակում է «փայտ, ատաղձ», քանի որ տարածքը անտառապատ է, փայտաշատ: Գյուղում կան միանավ բազիլիկ կառուցվածքով երկու եկեղեցիներ: Վերջիններս, հավանաբար, կառուցվել են մինչև 17-րդ դարի երկրորդ կեսը, և երկուսն էլ կրում են Սուրբ Հռիփսիմե անվանումը[1]: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, թե ինչու են գյուղի երկու եկեղեցիներն էլ կրում Սուրբ Հռիփսիմե անվանումը: Այս հարցի պատասխանը հնարավոր է բացատրել անցյալում տեղի ունեցած մի կարևոր միջադեպով: 17-րդ դարում մի խումբ կաթոլիկ ուխտավորներ այցելում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու գողանում որոշ սրբերի, այդ թվում սուրբ կույսեր Հռիփսիմեի ու Գայանեի մասունքները: Նրանք փախչում են դեպի Իրան, ու այդ փախուստի ճանապարհը անցնում էր Սյունիքով: Սյունիքում հայ առաքելականներին հաջողվում է բռնել մասունքները գողացած կաթոլիկներին ու խլել նրանցից սրբերի ոսկորները: Դեպի Սուրբ Էջմիածին վերադարձի ճանապարհին հայ առաքելականները բազմաթիվ գյուղերում թողնում են Սուրբ Հռիփսիմեի մասունքները, ու տեղում գտնվող կամ կառուցվող եկեղեցիները ստանում են Սուրբ Հռիփսիմե անվանումը: Կարելի է կարծել, որ արձանագրություն չունեցող Անտառաշատի եկեղեցիները տեղաբնիկների[2] շրջանում, ելնելով պատմական հիշողությունից, ստացել են Սուրբ Հռիփսիմե անվանումը: 

    Անտառաշատում են գտնվում Տափասար, Պառավաքար ու Հարսնաքար անուններով հուշարձանները: 

[1] Հավանաբար կառուցվել են Մոսվես Խոտանանցի կամ Սյունեցի կաթողիկոսի ջանքերով, ով մինչև կաթողիկոս դառնալը Սյունյաց թեմակալ եպիսկոպոսն էր: Նրա օրոք մեծ թափ ստացան վանքերի ու եկեղեցիների շինարարությունը ու անապատական, ճգնավորական շարժումը:

[2]  Արձանագրությունների առկայության դեպքում հիմնականում հնարավոր է լինում ճշտելու եկեղեցու պատմական, իրական անվանումը, երբեմն կառուցման թվականը:


Հարսնաքար


Հարսնաքարը Անտառաշատի գեղեցիկ վայրերից է: Անտառաշատցիները հետաքրքիր ավանդազրույց ունեն այդ տեղանքի մասին: Պատմում են, որ հայկական գյուղերը շատ հաճախ էին ենթարկվում թյուրք ավազակների հարձակումներին: Դրանց մասին պատմությունները բազմաթիվ են, բայց այս մեկը հետաքրքիր և շատ տխուր է: Ըստ գյուղի բնակիչների՝ մի անգամ գյուղում հարսանիք է լինում: Փեսան հարևան գյուղից է լինում: Մի քանի օր հարսի տանը ուրախություն անելուց հետո ցանկանում են, որ հարսին դհոլ-զուռնայով տանեն իրենց գյուղ: Երեկոյան հարսանքավորները ջահերով, երգով ու պարով դուրս են գալիս հարսի գյուղից, որպեսզի առավոտյան հասնեն փեսայի տունը: Ճանապարհին թյուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ հայերը զինված չեն, հարձակվում են նրանց վրա: Փախուստի ելք չունենալով՝ հարսը և նրան ուղեկցողները քարանում են ՝ թշնամուց չգերեվարվելու համար: Հիրավի, Հարսնաքարին անձամբ նայողին կարող է թվալ, թե շարք են կանգնել մարդիկ ու գնում են իրենց ճանապարհով: 


Պառավաքար


Պառավաքարը իր անունը ստացել է գյուղացիների կողմից այդ լեռնազանգվածի վերևի հատվածը հայ ծեր կնոջ ավանդական գլխազարդին նմանեցնելու հետևանքով: Դեռևս մինչև 20-րդ դարի 60-70-ական թվականները հայ կանայք կրում էին մետաղադրամներով ու ուլունքներով հյուսված ավանդական գլխարկներՊառավաքարը գտնվում է ուղիղ Անտառաշատ գյուղի դիմաց: Պառավաքարի մասին մի զրույց կա, ըստ որի՝ մի բարի պառավ է լինում, նա գյուղում բոլորին օգնել է հաց թխել, երիտասարդ հարսներին խորհուրդներ է տվել, անօգնականներին ձեռք մեկնել, բայց կյանքը նրան դաժան ճակատագիր էր պարգևել: Պառավը զրկվել էր իր ընտանիքի տղամարդկանցից, որոնք զոհվել էին թշնամիների հետ կռվում: Չհամակերպվելով այդ դառը ճակատագրին և զգալով իր անպիտան լինելը, որոշում է ինքնասպան լինել: Բարձրանում է լեռնազանգվածի մի քարի վրա ու իրեն ցած նետում: Սակայն նրա տարազի ծալքերը այնքան շատ են լինում, որ ոչինչ էլ չի պատահում: Պառավը նայում է երկնքին ու բողոքում. «Աստվա՛ծ ջան, բա որ կյանք խնայելը գիտես, ի՞նչու տղաներիս չփրկեցիր»: Այդ օրվանից քարը կոչվում է Պառավաքար:


Տափասար


Տափասարը լեռնային հարթություն է՝ 2000 մետրից ավել բարձրության վրա, որը, ըստ ուսումնասիրությունների ու նաև ըստ տեղաբնիկների  պատմությունների, քարերի վրա կրում է ծովային կենդանիների հետքեր: Համաձայն ավանդության՝ տեղում եղել է ծով, որը հետ է քաշվել՝ բացելով մեզ համար հրաշալի մի տեսարան՝ քարայրներով, ալպիական մարգագետիններով, էնդեմիկ բուսատեսակներով ու, որ ամենակարևորն է, քարերի վրա արտատպված ծովային կենդանիների հետքերով: Սարի վրա գտնվում է 17-րդ դարի մի անարվեստ խաչքար, որին հավանաբար ուխտի են գնացել տեղաբնակները, ու որի մոտ շարունակում են մոմ վառել սարերում իրենց հոտը արածեցնող հովիվները ու անտառաշատցիները:


Քամու եկեղեցի


Անտառաշատի դիմացի բլրին է գտնվում Քամու եկեղեցի կոչվող հուշարձանը: Այդ հուշարձանի հետ կապված կա մի հետաքրքիր հավատալիք:  Ըստ էության՝ Քամու եկեղեցին անցքերով մի պորտաքար է, որի միջով արձագանքելով՝ սուրում է քամին, ուստի պատահական չէ, որ տեղացիները այն անվանում են «Քամու» եկեղեցի: Ասում են, որ նախ՝ այդ պորտաքարին պորտով հպվող անզավակը զավակ է ունենում, և ապա՝ ով այդ անցքով անցնում է, ուրեմն արդար մարդ է և երկար է ապրում, իսկ ով որ չի կարողանում անցնել, անարդար է ու կարճ կյանք ունի: 



iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը