Տաշտունը գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու շրջանում: Տաշտուն բառը նշանակում է ըստ տեղի բնակիչների դաչ տուն կամ դաչաների՝ ամառանոցների վայր: Կա նաև ուրիշ բացատրություն՝ Տաշտուն կամ տաշտ, այսինքն հացով, հյուրասեր մարդկանց գյուղ: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Տաշտունը հիշատակվում է Տաթի վանքին պատկանող (10-րդ դար) գյուղերի ցուցակում։ Ուշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն։ Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձևով) նաև Սյունիք նահանգի Արևիք գավառի մի nմասը։ Գյուղում պահպանվել է քառամույթ գմբեթավոր բազիլիկ Սբ. Ստեփանոս եկեղեցին (17-րդ դար), որի գմբեթը ավերվել է 1936 թվականին կոմունիստների կողմից։
Ավերողների մեջ մարդիկ են եղել, որոնք, ըստ գյուղացիների, վաղաժամ մահացել են Աստծո տան վրա ձեռք բարձրացնելու համար: Ըստ 94-ամյա ականատեսի, եթե ցորենի համար այլ հարմար շենք լիներ, եկեղեցին հիմնահատակ կավերեին: Եկեղեցին օգտագործվել է որպես ցորենի պահեստ: 
Գյուղում պահպանվել է մի գեղեցիկ ավանդազրույց, որ պատմում է հայ-իրանական ժողովուրդների շփման մասին: Ասում են՝ սովորություն է եղել, որ հարևան հայ-իրանական եղբայրական ժողովրդի փահլևանները կամ հսկաները ձեռնամարտի կամ կոխի են բռնվել: Մի օր հերթական անգամ Իրանից գալիս են փահլևաններ` հյուրընկալվելով հայկական տներից մեկում: Հյուրասիրության ժամանակ պարսից հսկաներից մեկը հյուրընկալող հայ տղամարդուն դիմում է, հրավիրելով մենամարտի: Եվ երբ հայը տեղից վեր է կենում, կանգնելու ժամանակ ընդամենը ճկույթ մատով հենվում է պարսիկ փահլևանի ոտքին: Այնքան ուժեղ է լինում այդ հայ տղամարդըը, որ պարսիկ հսկայի ոտքը ջարդվում է: Այստեղ պարսիկ փահլևանները հասկանում են, որ այս գյուղում մենամարտում ինքը չի կարող հաղթել, ու հեռանում է: