» » Գյուղ Շիշկերտ

Գյուղ Շիշկերտ

       Շիշկերտ գյուղը առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմություն>> մեծարժեք գրքում: Այն հիշատակվում է Շաշիգեն, Շաշիկետ, Շաշոյգետ անուններով: Գյուղը Տաթևի վանքի հարկատու գյուղերից էր և վճարում էր 10 միավոր հարկ: Հետագայում գյուղը կոչվել է Շիշկերտ կամ Շկետ: Վերջին անունը ավելի շատ հնչում է տեղացիների կողմից:  Շիշկերտը հիշատակվում է Ղուկաս Սեբաստացու <<Դավիթ Բեկի >> պատմության մեջ, որի համաձայն գյուղը հանդիսացել է Դավիթ Բեկի զորակայաններից մեկը:  Տեղացիները հաղթական մարտեր են մղել խանական ուժերի դեմ՝ ամուր պահելով թե գյուղի, և թե այն ժամանակ Չավնդուր կոչվող գավառի տարածքը: Այստեղ՝ գյուղի հին գերեզմանատանն  է թաղված Դավիթ Բեկի քաջ զորավար Մեղրեցի Առաքելը, ով ավանդության համաձայն եղել է Շիշկերտ գյուղի փեսա: Հին գերեզմանատան ստորին մասում, ձորի պռնկին աչքի է ընկնում մի տապանաքար, որի վրա գուրզ է քանդակված: Դա Առաքելի տապանաքարն է: Այս գյուղի պատմությունը ունի անհայտ էջեր: Պատմում են, որ եղել է ժամանակ, երբ բնակչությունը հեռացել է և հաստատվել հեռավոր վայրերում: Պատմում են նաև, որ գյուղը վերաբնակեցրել են Մեղրու Լիճք գյուղից այստեղ եկած հովիվները: Նրանք նկատել են քեղի և մացառուտների մեջ թաղված եկեղեցին ու ավերակ շինություններ: Նրանք այստեղ են տեղափոխել իրենց ընտանիքները, ապա հրավիրել Շիշկերտում ապրել ցանկացողներին և շունչ տվել ավերակներին: Դա տեղի է ունեցել ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմից առաջ : Ահա թե ինչու 1832 թվականի Ցարական Ռուսաստանի անցկացրած կամերալ (ծխական) նկարագրության մեջ գյուղն ունեցել է 82 բնակիչ: Հետագայում բնակչությունն աճել է: Ի դեպ, Շիշկերտում նախապես բնակություն են հաստատել նշանավոր Մելիք-Օհանջանյանները, որոնք որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո տեղափոխվել են Մեղրու Կալեր գյուղ: 1840 թվի կամերալ նկարագրության մեջ Մելիք-Օհանջանյանները հաշվառված են Շիշկերտ գյուղում:
Լեռնային այս գյուղը աչքի է ընկել առանձնապես Զանգեզուրի գոյամարտի տարիներին: Նրանք բազմաթիվ հաղթական կռիվներ են մղել մուսավաթական ուժերի  և Կարմիր բանակի դեմ: Զանգեզուրի գոյամարտի շիշկերտցի նվիրյալներին բարձր է գնահատել Գարեգին Նժդեհը:
Շիշկերտը ամենահարուստ կոլեկտիվ տնտեսությունն է եղել խորհրդային ժամանակներում: Գյուղը հացով ու կարտոֆիլով կերակրել է շրջանի սովյալներին, ինչպես նաև թուրք բնակչությանը: 1968 թվականի Զանգեզուրի երկրաշարժից հետո բնակչության պահանջով գյուղը տեղափոխվեց ներկայիս Ծավ գյուղի Խաչտափ տարածքը: Սակայն տեղացիները շարունակում էին աշխատել Շիշկերտի բնական ռեսուրսներով հարուստ տարածքում: Խնդիր դրվեց վերականգնել գյուղը: Խորհրդային Հայաստանի կառավարությունը սկսեց վերականգնման աշխատանքները: Կառուցվեցին բնակելի տներ, սակայն շինարարությունը կիսատ մնաց արցախյան պատերազմի պատճառով:
Շիշկերտցիները աշխատասեր են, հյուրասեր, մարդասեր: Նրանց վերագրվում է նաև մարդկային պարզ միամտություն:

Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը