» » Առաջաձոր

Առաջաձոր

Առաջաձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս-արևմուտք։ 
Բնակիչների նախնիների մի մասը 1760-1770 թթ.-ին գաղթել են Արցախի Առաջաձոր գյուղից, 1805-1806 թթ.-ին Գողթից, 1829 թ.-ին Ղարադաղից։ 

Հին Առաջաձոր գյուղը


Առաջաձորը Սյունիքի ամենահայտնի գյուղերից մեկն է, որտեղ մարդը բնակություն է հաստատել վաղնջական ժամանակներից, և այստեղով անցել են առևտրական ուղիներ, ինչպիսին է, օրինակ, Տաթև-Բաղաբերդ Ճանապարհը:

Առաջաձորի մասին Ղևոնդ Ալիշանը գրում է, որ այն պտուղներով հարուստ էր, իսկ հավելյալ բերքը ուղարկվում էր Մեղրի և Նախիջևան: Այստեղ զարգացած էր նաև ձեռագործությունը, որ հայտնի էր Ղափանի կտավ անունով: 

Առաջաձորի  հիմնադրման մասին ավանդաբար մեր օրերն է հասել հետաքրքիր  զրույց: Գյուղի հիմնադիրն է համարվում Արցախի Առաջաձոր գյուղից Արութ (Հարություն) անունով շնորհալի մի երիտասարդ: Այս երիտասարդը իր հայրենի գյուղում ուզում էր օծվել քահանա, բայց ամուսնացած չլինելու պատճառով չեն թույլատրում: Հարութն ամուսնանում է մի գեղեցկուհի աղջկա հետ, օծվում քահանա և ծառայում համայնքին: Ցավոք, մի օր կինը հանկարծամահ է լինում: Վշտանում է Հարութը, բայց հաշտվում է կատարվածի հետ: Նախկինում հոգևորականին երկրորդ անգամ ամուսնանալն  արգելվում էր: Հարութը չի ենթարկվում հոգևոր աշխարհի այս օրենքին:  Եվ  մի օր գաղտնի, իր հետ վերցնելով երիտասարդ մի կնոջ ու նրա մանկահասակ որդուն՝ Հակոբին, հեռանում է գյուղից ու հայտնվում Սյունյաց աշխարհում: Այստեղ բացահայտվում է Արութի կապը այրի կնոջ հետ, մարդիկ սկսում են բամբասել, ատել նրան՝ անվանելով սևերես: Տեղից տեղ թափառելով՝ Արութը հայտնվում է Աճանանի՝ այսօրվա Առաջաձոր գյուղի տարածքում:  Այստեղ հիմնադրում է բնակավայր՝ կոչելով այն իր հայրենի գյուղի՝ Առաջաձորի անունով:

Ավանդազրույցն ասում է, որ դա տեղի է ունեցել 1620-ական թվականների սկզբին: Արութը երեխաներ է ունենում, ստեղծում տնտեսություն, կառուցում ջրաղաց, բացում  ճանապարհներ, հեռվից փողրակներով ջուր բերում գյուղ: Նոր հիմնված բնակավայրում զարգանում են բրուտագործությունը, շերամապահությունը: Գյուղի հյուսիսային թեք լանջին պահպանվում են բրուտի հնոցներ, որտեղ թրծում էին կավե ամաններ: Պահպանվում է նաև Բրուտի աղբյուրը: 

Արութի երեք զավակները շենացնում են Առաջաձոր գյուղը: Սակայն նրանց վիճակված էր պայքարել նաև թուրք-պարսկական խաների դեմ: Թշնամին տեղեկանում է, որ գյուղը հարուստ է և բարեկեցիկ: Ամեն գնով ցանկանում է նվաճել այն, սակայն առաջաձորցիները գյուղից դուրս՝ լեռների վրա, անտառներում, տեղադրում են պահակակետեր, որոնք  մեկը մյուսին խարույկի միջոցով անմիջապես հաղորդում էին վտանգի մասին: Մի անգամ էլ թշնամին հարձակվում է հսկայական ուժերով, և բնակիչները ստիպված ամրանում են գյուղից վեր բարձրացող բերդում. սա մի ամրություն է, որ հարյուրամյակներ շարունակ պաշտպանել է գյուղի բնակիչներին: Այս ամրության շնորհիվ առաջաձորցիները կարողանում են հաստատուն մնալ տարածքում: Հետագայում   գյուղում հաստատվում են նաև այլ տոհմեր,  և Առաջաձորը դառնում է Կապանի ամենաբարեշեն գյուղերից մեկը: 

Գյուղը հայտնի է իր մտավորականներով: Այստեղ կա մի տոհմ, որի բոլոր անդամները ունեն երաժշտական ընդունակություններ: Դա Ասծատրյանների տոհմն է, որը հայտնի է նաև Ղավալաց տոհմ անունով (Ղավալաց, այսինքն՝ երաժիշտների): Ասում են, որ տոհմի արմատները  Առաջաձոր են եկել Գողթն գավառից, որ հայտնի էր իր գուսաններով ու երգերով:


Վարսենիկ Մելիք-Ստեփանյան


Առաջաձոր գյուղում, գյուղից վեր՝ Խաչին խութում, գտնվում  է Մելիք-Ստեփանյանների տոհմական գերեզմանատունը, որի կենտրոնում մի մատուռ կա: Դա Վարսենիկի դամբարան-մատուռն է: Վարսենիկը Անդրեաս բեկի և Տաթևի Օրբելյան Աբիհայաթի աղջիկն էր՝ խելացի ու տաղանդավոր. գիտեր լեզուներ, ձեռագործի վարպետ էր, երգում և դաշնամուր էր նվագում: Վարսենիկը շատ էր սիրում իր հայրենի գյուղը: Եվ քանի որ ունևոր էր, իր միջոցներից բաժին էր հանում աղքատներին: Վարսենիկը վաղ ամուսնացավ: Ամուսինը՝ Տիգրան Գևորգբեկյանը, իրենից բավական տարիքով էր, մասնագիտությամբ՝ բժիշկ: Նրա եղբայրն էր Զանգեզուրի գավառի դպրոցական տեսուչ  Հովհաննես Գևորգբեկյանը: Ասում են, որ բժիշկը լավ մասնագետ էր, սակայն ուներ նահապետական հայացքներ, որի հետ չէր հաշտվում Վարսենիկը:  Ամուսինները երեխա չունեցան, որը ևս նպաստեց, որ նրանք բաժանվեն: Նրանք  բաժանվեցին Էջմիածնում՝ եկեղեցական կարգուկանոնով, որից հետո Վարսենիկը վերադարձավ Առաջաձոր: Նա իր անձնական միջոցներով գիշերային դպրոց է բացում գյուղում, որը նորություն էր այն ժամանակ ոչ միայն Կապանում, այլև ամբողջ Սյունիքում: Նա օգնում էր աղքատներին, ծերերին, կարիքավոր երեխաներին, հիվանդներին, ուսուցիչներին: Նա մտադիր էր վերադառնալ Պետերբուրգ, որտեղ սովորում էր մինչև ամուսնությունը: Նրան հովանավորում էր Նիկողայոս Ադոնցը: Բայց սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Վարսենիկը փոխում է իր մտադրությունը. որոշում է գնալ Երևան և աշխատել գաղթականների և որբերի համար բացված հիվանդանոցներից մեկում: Դա ոչ թե աշխատանք էր, այլ իսկական ծառայություն: Նա ծառայում էր որպես գթության քույր և որբերին խնամող մայր Երևանի քաղաքների միության հայ որբերի   հիվանդանոցում: 

Վարսենիկը այնքան համարձակ էր, որ զբաղվում էր տիֆով վարակված  հիվանդների խնամքով: Սա նշանակում է, որ Վարսենիկը անձնազոհ քայլ էր կատարում: 

Խոսելով քրոջ անձնազոհ արարքի մասին՝ եղբայրը՝ լեռնային ինժեներ, պետական և քաղաքական գործիչ Սմբատ Մելիք-Ստեփանյանը, ասում է, որ իր սիրելի քույրիկը գթության քրոջ պատասխանատու կարգավիճակում էր պատերազմի հենց սկզբից: Հիվանդներին խնամելու ժամանակ Վարսենիկը վարակվեց տիֆով: Եվ երբ զգաց, որ մահը մոտ է, իր խնայած գումարը՝ շուրջ 200 ռուբլի, հանձնեց  վանեցի Հարոյին, որին ինքն էր բուժել տիֆից: 

Վարսենիկի դին եղբայրը զմռսեց և տեղափոխեց հայրենի գյուղ և ամփոփեց Խաչին խութի մատուռում: 

Դագաղի կափարիչի վերնամասը ապակուց էր, ուստի երևում էին աղջկա դեմքը, ոսկյա շղթան և ականջօղերը: Սերունդների հիշողություններում պահպանվել է պատմություն այն մասին, թե ինչպես էր ամեն առավոտ եղբայրը՝ Սմբատ Բեկը, այցելում քրոջը, խոսում նրա հետ՝ ասելով. «Բարի՛ լույս, Վարսենի՛կ, բարի՛ լույս,  քույրի՛կ»: Նա ամեն օր թարմ ծաղիկներ էր տանում Վարսենիկի համար: 

 1937 թվին,   երբ Սմբատ Մելիք-Ստեփանյանին կալանավորեցին  ու աքսորեցին որպես ժողովրդի թշնամի, չեկիստները բացեցին դագաղը և կողոպտեցին զարդերը,  կափարիչը զարդարող արծաթյա զարդաքանդակները և խաչը, արծաթե ծաղկեպսակները: 

Փաստորեն Վարսենիկը անթաղ մնաց շուրջ մեկ դար: 2015 թվականի նոյեմբերին մահապարտ ազնվական, հայրենանվեր կինը քրիստոնեավայել ծիսակարգով ամփոփվեց տոհմական դամբարանում: 

Խաչին խութի դամբարանը կապանցիների համար համարվում է ուխտատեղի:    



Աղջկա բերդի լեգենդը


Կապանի տարածքում գոյություն ունի երկու Աղջկա բերդ: Մեկը  Ծավ գյուղի դիմաց՝ գետի աջ ափին,  մյուսը Առաջաձորի և Շղարշիկի միջև է: Երկու լեգենդներն էլ  խոսում են կնոջ անձնազոհության մասին:

Լեգենդը պատմում է, որ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ առաջաձորցիները և Աճանանի բնակիչները ամրանում էին Աղջկա բերդում: Նրանց գլխավորում էր Սյունյաց Սահակ իշխանը: Ասում են, որ Սահակն ունեցել է Անուշ անունով մի գեղեցկուհի աղջիկ: Անուշի գեղեցկության համբավը հասել էր մոնղոլ խանին ու գրգռել նրա ախորժակը: Խանը ցանկանում էր տիրանալ Անուշին, բայց Անուշը պաշտպանվում է բերդի անառիկ պարիսպների ներսում:  Պաշտպանները քարկոծում ու նետահարում էին  մոնղոլներին: Այդ ժամանակ խանը  դիմում է խորամանկության. նա պատգամավոր է ուղարկում Սահակ իշխանի մոտ ու խնդրում Անուշի ձեռքը՝ դրա դիմաց խոստանալով ոչ միայն հեռանալ ամրոցից, այլև ընդհանրապես չանհանգստացնել հայերին: Հակառակ դեպքում խանը սպառնում էր գրավել բերդը և սրի քաշել բոլորին: Սահակ իշխանը հայտնվում է անելանելի դրության մեջ: Հացի պաշարը սպառվում էր, մարդիկ մեռնում էին սովից: Այնուամենայնիվ նա մերժումէ առաջարկը՝ հույսը դնելով Աստծո հրաշքի վրա՝նախընտրելով կռիվն ու պայքարը: Ինքը՝ Անուշն էլ կռվում էր բերդի պաշտպանների շարքում: Բայց սովը ամենազոր էր. մարդիկ ավելի շատ մեռնում էին ոչ թե կռվում, այլ սովից:

«Եվ այս բոլորի մահվան պատճառը ես եմ»,- մտածում է աղջիկը: Ու մի օր՝ լուսաբացին, նա բարձրանում է ժայռի գագաթը ու բոլորի աչքի առջև  իրեն ցած նետում: Դա տեսնում է նաև թշնամին, լուրը հասնում է խանին, և նա հրամայում է գտնել աղջկա մարմինը: Մոնղոլ զինվորները փնտրում, սակայն չեն գտնում Անուշի մարմինը: Հիասթափված երկարատև պաշարումից և Անուշին կորցնելուց՝ խանը թողնում է պաշարումն ու հեռանում Աճանանից:

Բայց մայր երկրի սաղարթախիտ անտառը, որ տարածված է ժայռից ներքև, իր սաղարթներում աղջկան պահել էր անվնաս: Լեգենդը ասում է, որ հենց այդ օրվանից բերդը կոչվեց Աղջկա բերդ: Այդ ժամանակից շրջակայքում նոր ծնված բազմաթիվ աղջիկների կնքեցին Անուշ անունով:


Առաջաձորի բնական ամրությունը՝ Աղջկա բերդը, և դրա հետ կապված ավանդապատումը


Առաջաձորի և, ընդհանրապես, Աճանանի պատմական հուշարձաններից առանձնանում է այն հսկայական բնական ամրությունը, որ բարձրանում է գյուղից հարավ-արևելք ընկած լեռնաշղթայի վրա, որի բնական և հետագայում ձեռակերտ ամրությունների ծայրը հասնում է ներկայիս Շղարշիկ գյուղից վեր: Այն հայտնի է Աղջկա բերդ անունով: Իրականում սա մի ամբողջ համալիր է, որը հսկում է Կապանի տարածքը Ողջիի և Աճանանի կողմերից: Առաջաձորցիներն ասում են, որ այն եղել է իրենց սղնախը (ամրություն) և ապաստարանը՝ թշնամիների ասպատակությունների ժամանակ: Բերդն ունի մեկ մուտք, մեկ ելք, և յուրաքանչյուրի մոտ կա մեկական աշտարակ, իսկ արևմուտքում ձգվում է երկար պարիսպը: Ամրոցում նույնիսկ կա փողոց, որի երկու կողմերում կառուցված են տներ: Տներից ոչ հեռու կա աղբյուր, իսկ բարձր ժայռի վրա՝ պահակակետ: Առաջաձորցիները հիշում են նույնիսկ, թե թշնամու հարձակումների ժամանակ, երբ պաշարումը երկար էր տևում, որ տոհմը բերդի որ հատվածն էր զբաղեցնում:

Ամրոցին կից սրածայր և անառիկ ժայռի վրա տեղավորում էին աղջիկներին և երեխաներին: Ժայռի հիմքում 5-6 մ բարձրությամբ պատ է շարված՝ ժայռի մի լանջից մյուսն անցնելու համար: Ժայռի գագաթը տեղափոխվելու համար կար այսպես կոչված Մազի կամուրջ, որով տեղափոխում էին երեխաների ու կանանց,  սնունդ ու պարեն:

Այս ամրությունների մոտով էր անցնում հեռուներից եկող ճանապարհը դեպի Տաթև: Առաջաձորի կողմի ամրությունները հայտնի են իրենց քարանձավներով, փորված այրերով, պարիսպներով: Ավանդազրույցը պատմում է, որ երբ թշնամին հարձակվում էր, բնակչությունը իր հետ վերցնում էր ունեցվածքը, ցորենի և ալյուրի պաշարները և բարձրանում ու ամրանում էր անառիկ ամրոցում: Ասում են նաև, որ թշնամին երբեք չի կարողացելծնկի բերել առաջաձորցիներին ու շրջակա գյուղերի բնակիչներին: Նրանց բազմաթիվ գրոհները ամրոցի վրա ավարտվել են պարտությամբ, քանի որ բերդի պաշտպանները նրանց գլխներին են թափել քարի բեկորներ, նետահարել են ու հեռացրել այդ վայրերից:

Եվ ահա հարձակումներից մեկի ժամանակ թշնամին որոշում է սովահար անել բերդի պաշտպաններին, բնակիչներին ու անորոշ ժամանակով շրջափակում է բերդը: Պաշտպանները ջրի կարիք չեն ունենում, քանի որ քարանձավներում և տարածքում ունենում են ստորերկրյա ջրեր: Բայց ահա սպառվում է հացը: Կարծես թշնամին գիտակցում էր դա. ավելի էր ահագնացնումշրջափակումը և սպասում, որ ուր որ է բերդի պաշտպանները սովի պատճառով վայր կդնեն զենքը:

Այդ ժամանակ պաշտպանության ղեկավարի հրամանով հավաքվում է մեծ քանակությամբ մոխիր,  ապա թշնամու համար տեսանելի ժամին՝ վաղ առավոտյան, սկսում են ժայռերի վրայի բարձունքում մաղերով մաղել մոխիրըև լցնել պարկերը: Հեռվից տեսարանը դիտող թշնամին կարծում է, թե պաշարվածները ունեն հացի և սննդամթերքի հսկայական պաշար, ուստի թողնում է պաշարումը ու հեռանում:

Նույնիսկ կարծիք կա, որ փնտրվող Բաղաբերդը կարող է լինել հենց Առաջաձորի գլխին բարձրացող բերդ-ամրոցը:


Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը