Անդոկ իշխանի բերդը
Տանձավեր գյուղի մոտ՝ Մաճից ոչ հեռու է գտնվում Վահրամաբերդը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Անդովկ կամ Անդոկ իշխանի բերդը: Համաձայն ավանդության՝ այդ բերդում թաղված են Անդոկ իշխանի անբավ հարստությունները, որ նա թալանել ու բերել է Պարսից թագավոր Շապուհի Տիզբոն մայրաքաղաքից: Մեր ժողովրդի մեջ այս զրույցը շատ տարածված է: Պատմում են, որ Սյունյաց Անդոկ նահապետըհաճախ էր լինում պարսից Շապուհ թագավորի արքունիքում։ Մի անգամ էլ հղփացած Շապուհը ցանկանում է պարզել, թե որ ազգն ու իշխանական տոհմն ունի արքայական բարձի ու պատվի իրավունք։ Ճոխ խնջույք է կազմակերպում և, ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» մեջ ընդգրկված տասնյոթ իշխանական տների բարձերի ու աստիճանների ցուցակի, բաշխում է հայոց նախարարների տեղերը արքունական սեղանի շուրջը: Սյունյաց տեր Անդոկին բաժին է ընկնում տասնչորսերորդ բարձը։ Վերջինս, այդ ցածր աստիճանից խիստ վիրավորված, սեղանից ոչինչ չի ճաշակում և մտածում է, թե ինչպես վրեժխնդիր լինի: Մի օր էլ իմանալով, որ Շապուհը բացակայում է պալատից, առնում է իր հազար յոթ հարյուր զինակիցներին, հասնում է Տիզբոն, կողոպտում արքունի պալատը, հափշտակում անթիվ ոսկի և արծաթ, թանկարժեք քարեր ու բերում է Սյունիք: Լսելով դրա մասին՝ Շապուհը զայրանում է և զորք է ուղարկում Սյունիք: Ոչ մի կերպ չի կարողանում գերի վերցնել Անդոկին, հետ վերադարձնել իր հարստությունը: Վերջինս գանձերն առնում ու անվերադարձ հեռանում է հայրենիքից: Ասում են, որ գազազած Շապուհը մոխրով լի մի պդնձե սանդ է դնում իր պալատի դռանը, որպեսզի ով որ գա պալատ սանդը ծեծի ու անիծի. «Սյունյաց տերությունը, նրա կյանքն ու խորհուրդը այս մոխրի նման թող ցած թափվի»։
Վահրամաբերդը 1990-ական թվականներին օգտագործվել է հայերի կողմից որպես պաշտպանական կետ՝ ադրբեջանական ագրեսիա դեմ:
Նազիկ թագուհին
Տանձավեր գյուղից մոտ 2-3 կմ հյուսիս-արևմուտք՝ Մաճ կոչված վայրում, կառուցված է մի եկեղեցի, որի անունը հայտնի չէ: Եկեղեցու մոտ գտնվում է խաչազարդ մի գերեզմանաքար` ջարդված, հարսանիքի պատրաստվող կնոջ պատկերաքանդակով: Եկեղեցուց վերև գտնվում է մի կնոջ գերեզմանաքար, որին անվանում են Նազիկ թագուհի: Տեղի բնակիչները պատմում են, որ Նազիկը եղել է հզոր ու հարուստ իշխանի դուստր, ունեցել է բազում հարստություններ, բայց քաշվել է լեռները՝ ճգնելու ու Աստծուն աղոթելու համար: Շրջակա մահմեդականները, իմանալով Նազիկի գեղեցկության մասին, գալիս են, որ նրան գերեվարեն ու տանեն իրենց մոտ՝ որպես երկրորդ կին: Բարեպաշտ հայուհին նախընտրում է մահը, քան թշնամու հետ ամուսնությունը, և ինքնասպան է լինում:
Նրա գերեզմանը ժողովրդի կողմից ընկալվում է որպես աղոթատեղի ու խորը ակնածանքի է արժանանում: Համարվում է, որ Նազիկ թագուհու հետ թաղված են նաև նրա բազում հարստությունները, ոսկիները:
Տանձավերի եկեղեցիները խորհրդային տարիներին
Տանձավեր գյուղը մոտ 1200-1500մ բարձրության վրա է՝ Բարգուշատի լեռնաշղթայի հարավարևմտյան փեշերին: Այն Կապանի տարածաշրջանի հնագույն գյուղերից է, հիշատակվում է նաև պատմիչ, Սյունիքի հոգևոր առաջնորդ Ստեփանոս մետրոպոլիտ Օրբելյանի «Պատմության» մեջ Տանձավայր անվամբ ու Տաթևի վանքին վճարել է 8 միավոր հարկ:
Գյուղում ու նրա շուրջը կան մի շարք քրիստոնեական հուշարձաններ:
Տանձավերում են գտնվում 15-րդ դարի Սուրբ Ստեփանոսի անունը կրող միանավ եկեղեցու ավերակները, որի հետ կապված կա մի ավանդազրույց: 1930-ական թվականներին, երբ խորհրդային իշխանությունները փակում էին եկեղեցիները, ավերում, գնդակահարում էին հոգևորականներին, Տանձավերի կոլեկտիվ տնտեսության նախագահը կամ գյուղապետը ավերում է եկեղեցին ու այդ քարերով իր համար կառուցում տուն ու գոմ: Տեղի բնակիչները ասում են, որ այդ դեպքից հետո գյուղապետը անիծվում է Աստծուց, ու նրա` եկեղեցու քարերով կառուցված տունը չեն վայելում: Բոլորը մեռնում են, իսկ տունը մնում է դատարկ: Այդ տունը մինչև հիմա կիսավեր վիճակով գտնվում է գյուղում ու համարվում է անիծված վայր:
Գյուղի պարծանքն է համարվում 1705 թվականին կառուցված Սուրբ Աստվածանի անունը կրող եռանավ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին դարձրել էին հացահատիկի պահեստ, իսկ շրջակա միջնադարյան գերեզմանոցի քարերը օգտագործվել էին որպես շինանյութ և կամ ոչնչացրել:
Տանձավերը շրջապատված է սաղարթախիտ անտառներով, ալպիական մարգագետիններով, որտեղ աճում են լեռնային անուշաբույր ծաղիկներ: